
Արմինֆո.Տարածքային ամբողջականություն. Նիկոլ Փաշինյանի նոր արժե՞քը: Նման հարց է հնչեցրել պ.գ. թ., ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ այսօր ԱԺում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո:
Փորձագետը հիշեցրել է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է լրատվական ժապավենների թոփերում: "Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է. "Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն իրատեսական է, եթե երկու երկրներն էլ հստակ, առանց երկիմաստության և հնարքների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն այսօր և ընդմիշտ տարածքային պահանջներ չներկայացնել միմյանց": Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ՀԽՍՀ կազմում չէր։ Խորհրդային Միության մայրամուտին ԼՂԻՄ կարգավիճակի վերաբերյալ հայկական իշխանությունների բոլոր որոշումները միութենական իշխանությունը չէր ճանաչել (հասկանալի է, Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը, ըստ սահմանման, չէր աջակցում "միացում" - ին)", - նշել է քաղաքագետը։
Ընդ որում, նա փաստել է, որ լուրը ներկայացվում է որպես սենսացիա։ Այս առումով Մարկեդոնովը հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետն իր երկրի Ազգային ժողովում արդեն հայտարարել էր Արցախի հարցում "պահանջների նշաձողն իջեցնելու" անհրաժեշտության մասին։
"Նրա այդ ելույթը հանգեցրել էր ընդդիմության բողոքի ալիքի, որը, ճիշտ է, փոշիացվեց։ Բայց այս զարգացման պատճառների մասին՝ այլ պատմություն է։ Այնուհետև, 2022 թվականի սեպտեմբերյան սրացումից հետո, նա հայտարարեց "երկարաժամկետ անվտանգության, կայունության և խաղաղության երաշխավորման համար ծանր լուծումների գնալու պատրաստակամության մասին"։ Նույնիսկ՝ եթե "այդ որոշումը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի համար (ՀԽՍՀ տարածք) ապահովի երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն"։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն արձանագրել է. "Անհրաժեշտ է գնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով հաստատված սահմանների փոխադարձ ճանաչման դեպքում ("Բելովեժյան համաձայնագիր")։ Այնուհետև, "Ալմա-Աթայի բանաձևն" ամրագրվել է նաև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպման ժամանակ։ Այսպիսով, սկզբունքորեն ոչ մի նոր բան Փաշինյանը չի հայտնագործել", - կարծում է ռուս փորձագետը։
Միևնույն ժամանակ, նա այս ամենում նրբություններ է տեսնում։ Մարկեդոնովն ընդգծել է, որ Հայաստանի վարչապետը միշտ խոսում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: "Իսկ այս հարցն այդքան պարզ չէ, որքան թվում է, տես Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ժամանակ առ ժամանակ ծագող պատմությունները։ Միայն Ղարաբաղը չէ՝ ինչպես ասում են։ Սահմանազատման եւ սահմանագծման հարցը պակաս բարդ չէ, քան նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցը։ Երևանը միշտ հնարավորություն ունի նշելու, որ Բաքուն պատրաստ չէ աջակցել հայկական տարածքային ամբողջականությանը՝ ստույգ ՀԽՍՀ սահմաններում", - կարծում է փորձագետը ։
Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանը, ինչպես, հավանաբար, Հայաստանում ոչ ոք, կարողանում է փոխել իր դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ ում համար հետաքրքիր է, կարող է կարդալ "Քաղաքացիական պայմանագրի" (2021) նախընտրական ծրագիրը, որտեղ կա, օրինակ, սա. "Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից մեկը լինելու է այն տարածքների դեօկուպացիան, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է": "Ստացվում է, որ մարդիկ քվեարկել են բնավ ոչ այն բանի օգտին, ինչ հետագայում հայտարարել էր վարչապետը։ Դուք կասեք. բայց նա իր դիրքորոշումը փոխել է Բաքվի ճնշման ներքո։ Ամեն ինչ այդպես է, բայց 2018-2019 թվականներին գալով իշխանության՝ նա հենց "խաղաղության աղավնուց" դարձավ բազե (հիշենք նրա հայտնի փոխաբերությունը ՝ "Արցախը Հայաստան է և վերջ"): Այսինքն, վարչապետի ղարաբաղյան տրեկը սինուսոիդ է, ոչ թե գծաքանոն", - ընդգծել է նա։
Ընդ որում, Մարկեդոնովը վստահ է, որ խոսքը միայն Փաշինյանի մասին չէ, քանի որ Հայաստանում սոցհարցումները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական ինքնիշխանության տակ անցնելու գաղափարը հանրության շրջանում ժողովրդականություն չի վայելում։
"Սակայն դիրքորոշում ձևակերպելու և այն պաշտպանելու պատրաստակամության միջև հսկայական հեռավորություն է, ինչն էլ ցույց տվեցին 2020-2022 թթ. բողոքի ալիքները, որոնք պարբերաբար ձախողվում էին։ Վերջին կետը (ըստ հերթականության, այլ ոչ թե՝ կարևորության): Արագացված խաղաղությունը ձեռնտու է Արևմուտքին։ Միանգամից վերապահում անեմ՝ խաղաղությունը ձեռնտու է նաև Մոսկվային, բայց ոչ կարգավորման գործընթացներից նրան դուրս մղելու գնով։ Դրա համար էլ Ռուսաստանը պնդում է, որ պաշտոնական թուղթը պետք է պսակի փոխզիջման հասնելու գործընթացը, այլ ոչ թե նախորդի դրան", - ամփոփել է Մարկեդոնովը։