Արմինֆո.Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի օրը կոչ է արել արտատարածաշրջանային, մասնավորապես, ամերիկյան ուժերին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը:
"Իրանի բանակի և զինված ուժերի ուղերձը արտատարածաշրջանային, հատկապես, ամերիկյան ուժերին. հնարավորինս շուտ լքեք տարածաշրջանը", - այս մասին հայտարարել է նախագահը՝ ելույթ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ:
Նա տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը համարել է անվտանգության գործոն, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը՝ անվտանգության սպառնալիք: Ռաիսին հայտարարել է, որ այսօր Իրանն ունի լավ հագեցած և ժամանակակից բանակ: "Իրանական բանակն ունի առաջադեմ տեխնիկա, որը երկրում արտադրվում է տեղի փորձագետների գիտության շնորհիվ", - հավելել է նախագահը:
Ռաիսիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության ուժը և նրա ռազմական հզորությունը օգուտ են բերում տարածաշրջանին: "Բանակը համարվում է ուժեղ պատնեշ հակահեղափոխական տարրերի եւ տակֆիրիստական խմբերի դեմ", - ընդգծել է նա, հաղորդում է IRNA-ն:
"Բանակի օրվա ուղերձը խաղաղության և բարեկամության ուղերձ է տարածաշրջանի երկրների համար, և մենք ամուր սեղմում ենք յուրաքանչյուրի ձեռքը, ով ցանկանում է պահպանել տարածաշրջանի անվտանգությունը",- նշել է Իրանի կառավարության ղեկավարը:
Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կհանգեցնի Հայֆայի և Թել Ավիվի ոչնչացմանը: "Թշնամիները, հատկապես, սիոնիստական ռեժիմը, հաղորդագրություն են ստացել այն մասին, որ Իրանի դեմ ամենափոքր գործողությունը կհանգեցնի զինված ուժերի կտրուկ պատասխանին և Հայֆայի ու Թել Ավիվի ավերմանը",- նախազգուշացրել Է ԻԻՀ նախագահը:
Հավելենք նաև, որ Intelli Times մեդիառեսուրսը, որն իսրայելական ռազմական հետախուզության գաղտնի խոսափողն է, մշտապես բացառիկ տեղեկություններ է հրապարակում Իրանի հատուկ ծառայությունների և զինված ուժերի, ինչպես նաև նրա տարածաշրջանային արբանյակների մասին, հաղորդել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելի ԱԳ նախարարի Բաքու այցի նախօրեին նախազգուշացրել է. «Եթե աշխարհում որևէ երկրի բազաներ օգտագործվեն Իսրայելին աջակցելու համար՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելիս, Իրանը կհարձակվի այդ երկրի վրա»:
Բացի այդ, երեկ իրանական մի շարք TG-ալիքներ հրապարակել են ադրբեջանական օդանավակայաններից մեկի լուսանկարը, ընդգծելով, որ այնտեղ իսրայելական ռազմակայան է տեղակայված: