Արմինֆո.Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:
Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազւոթյան մամուլի ծառայությունը, Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները՝ հույս հայտնելով, որ Եղիազար Ավագյանը կշարունակի իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից նախաձեռնված ծրագրերը և բարեփոխումներ ու իր գործունեությամբ կբարձրացնի սահմանված նշաձողը: «Պարոն Ավագյանն իր գործի լավագույն մասնագետն է, բարեվարք է, համակարգի ներսում ունի դրական ընկալում: Այս նշանակումը, ինչպես ժամանակին պարոն Էլիզբարյանի նշանակումն էր, ազդակ է հասկանալու, թե Դատախազությունում ովքեր կարող են հավակնել բարձր պաշտոնի», - ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
Կոլեգիայի անդամները դրական կարծիքներ են հայտնել Եղիազար Ավագյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Ավագյանի պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ պահանջկոտությունը, բծախնդրությունն ու մարդկային բարձր որակները:
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ վստահության համար և ընդգծել, որ այն պարտավորեցնում է ավելի մեծ ուժ և եռանդով գործել ու աշխատել՝ ուղղված Դատախազության հեղինակության բարձրացմանը:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Եղիազար Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Եղիազար Վլադիմիրի Ավագյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 15-ին, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում: 1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1999 – 2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008 թվականի հունիս-դեկտեմբերին ուսանել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2016 - 2023թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ, 2015 – 2016թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, 2012 - 2015թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ, 2009 - 2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ, 2007 - 2009թթ. - ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, 2006 - 2007թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական, 2005 - 2006թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, 2003 - 2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական է, հեղինակ է 3 գիտական հոդվածի: 2020թ. հոկտեմբերի 25-ին զորահավաքային զորակոչի միջոցով ներգրավվել է ՀՀ զինված ուժերում և մեկնել պաշտպանության բանակի գոտի: 2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, 2014 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԻ նախարարի «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով, 2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, 2019 թվականին պարգևատրվել է . «ԱՊՀ երկրների դատախազների միության» «Օրինականության և իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է մի շարք այլ խրախուսանքի տեսակներով, կոչումներով և կրծքանշաններով: