Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ՝ հասնելով 41.9 մլն դոլարի։ Մասնավորապես, արտահանումն աճել է 67.4%-ով՝ կազմելով 18.4 մլն դոլար, ներմուծումը՝ 3 անգամ՝ հասնելով 23.5 մլն դոլարի։