Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ում հեգնանքով են պատասխանել Հայաստանի խորհրդարանի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին:
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունների, թե՝ իր համար անհասկանալի է Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ պարզաբանում տալու Ռուսաստանի պահանջը, նշում ենք, որ, ըստ երեւույթին, նա հիմնվում է իր իսկ հորինած ձևակերպման վրա և ինքն էլ զարմանում է դրանից։
Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ. Զախարովայի պատասխանը ապրիլի 12-ի ճեպազրույցում հնչած հարցին.
Հարց. Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից ։ Միաժամանակ, որոշում է կայացրել մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս են Ռուսաստանի ԱԳՆ-ում նայում Երևանի նման դիրքորոշմանը։ Արդյո՞ք դա կարելի է գնահատել որպես Երեւանի կողմից անբարյացակամ քայլ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ կապերը։ Պատասխան. չեմ կրկնի և Ձեր ուշադրությունը կհրավիրեմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի թեման ես հենց նոր մեկնաբանեցի:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի: Դաշինքն՝ ինքը, շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրների ակտիվ ներգրավման պրակտիկան։ Դա անում է ՆԱՏՕ-ի ստանդարտների ներդրման միջոցով և ձգտում է վերաձևակերպել այդ պետությունների պաշտպանական համալիրը, ստանալ ազդեցության լծակներ նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների, զինված ուժերի կառուցման ընթացքի վրա։ Առաջին հերթին, դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման համար։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Նրանց ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք հակառուսական բնույթ են կրում, երբեմն՝ ռուսատյաց։ ՆԱՏՕ-ի նման գործողությունները հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման, կոնֆլիկտային ներուժի աճին և նոր բաժանարար գծերի ստեղծմանը:
Հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կորոշվի պատասխան ստանալուց հետո: Անշուշտ, Երևանի հրաժարումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը։ Ըստ երեւույթին, Արթուր Հովհաննիսյանի համար սխալ են թարգմանել"։