
Արմինֆո. Խստիվ դատապարտում ենք ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբանությունում:
«Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների այցը Շուշի էլ ավելի սրբապիղծ և սադրիչ է թվում` հաշվի առնելով Արցախի արդեն 4 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում, ներառյալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումն ու դրանց ինքնության կեղծումը, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների գույքագրման և դրանց վիճակի ուսումնասիրության նպատակով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ հարուցվող խոչընդոտները։
Նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստանալ առանձին պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների լռելյայն հավանությունը էթնիկ զտման իրենց հանցավոր ծրագրերի համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը և ջնջել հայկական բազմադարյա ներկայության հետքերը։ Պատմությունը կեղծելու և սեփական քաղաքական խոսույթն առաջ մղելու նպատակով երկրների և ժողովուրդների միջև ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է և չի նպաստում ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը:
Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ», - ընդգծում են Արցախի ԱԳՆ-ում։