
Արմինֆո. ԵՄ-ն ափսոսանք է հայտնում այն զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ բնակավայրի շրջանում, սպանվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինծառայողներ: Այդ մասին ասվում է ԵՄ մամուլի քարտուղարի հայտարարությունում՝ հայ-ադրբեջանական առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ։
"Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության դեպքում անհրաժեշտ է պահպանել 1991 թվականի գիծը և կողմերից յուրաքանչյուրի ուժերը հետ քաշել այդ գծից անվտանգ հեռավորության վրա ՝ նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար:
Անհրաժեշտ է պահպանել նախորդ պարտավորությունները, այդ թվում՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին համապատասխան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ստանձնած պարտավորությունները։ ԵՄ-ն նաև կոչ է անում ինտենսիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և նախկինի պես պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում ՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության միջոցով", - ասված Է Բրյուսելի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտակայքում թշնամական ուժերը հարձակվել էին Հայաստանի ԶՈՒ-ի վրա, որոնք այդ հատվածում ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներն ավտոմեքենայով մոտեցել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ծեծկռտուք է սկսվել, այնուհետև հակառակորդը սկսել է կրակել հայ զինվորականների ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-ն կորցրել է 4 զինծառայող, թշնամական կողմն ունի պաշտոնապես 3 զոհ։ Բոլոր գործողությունները տեղի են ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում ։ Ավելի վաղ թշնամական ուժերը այդ հատվածում գրավել էին ՀՀ ինքնիշխան տարածքից մինչև 9 քկմ։
Հավելենք նաև, որ այսօր tg-ալիքների հայկական հատվածում տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե, իբր, նախօրեին "Հայաստանի ԱԳՆ-ը կես օր Եվրամիության դիտորդական առաքելության հրամանատար Մարկուս Ռիտերին ապարդյուն համոզել է առաջանալ Ադրբեջանի կողմից գնդակոծության ենթարկված Տեղ գյուղի մոտ գտնվող հայկական դիրքեր։ ԵՄ առաքելությունը հրաժարվել է այցելել գյուղ, նույնիսկ, հայ զինվորականների ուղեկցությամբ"։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ առաքելությունն իր աշխատանքը սկսել է այս տարվա հունվարի 23-ին՝ 100 մասնագետների կազմով: