Արմինֆո.Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը երկու ժամով կդադարեցնի հայկական հինգ հեռուստաալիքների հեռարձակումը: "Արմենպրես"-ի հետ զրույցում այդ մասին հաղորդել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանը: Խոսքը վերաբերում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններին։
Հայրապետյանի ասելով, համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի, հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել», - նշել է Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ «այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»: