Արմինֆո. "Ադրբեջանը ոչ միայն մեր բարեկամն ու հարեւանն է, այլեւ շատ ուժեղ ռազմավարական, առեւտրային գործընկեր", - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ԱՀ այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, տարիներ շարունակ Վրաստանն Ադրբեջանի հետ միասին իրականացրել է պատմական նշանակության նախագծեր: Այդ համատեքստում նա անդրադարձել է պատմական կարեւորության այն նախագծերին, որոնք արդեն իրականացվել են եւ հաջողությամբ աշխատում են ։ "Ինչպես գիտեք, Վրաստանը շատ հուսալի տարանցիկ գործընկեր է այդ կարևոր նախագծերի իրականացման համար ։ Ինչպես նշեց պարոն նախագահը, մենք աշխատում ենք, կանգ չենք առնում, աշխատում ենք նոր նախաձեռնությունների վրա, ինչպիսին է Սևծովյան էլեկտրակաբելը, որպեսզի զարգացնենք, այսպես կոչված, "կանաչ միջանցքը"։ Վրաստանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն Եվրոպային կանաչ, վերականգնվող էներգիա մատակարարելու համար, ինչը շատ կարևոր է, դա հեռանկարային է, դա ապագա է։ Այդ ուղղությամբ, անշուշտ, երկու երկրները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, եւ մենք խոսել ենք հենց այդ հարցերի մասին", - հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում Է Վրաստանի Առաջին ալիքը:
Ալիևն, իր հերթին, նշել է, որ ադրբեջանավրացական բարեկամական կապերն ու երկրների միջև համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:
"Այսօր մենք խոսեցինք շատ կարևոր հարցերի և պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել և թույլ կտան մեզ հետագա գործունեություն ծավալել ։ Իհարկե, Վրաստանն ու Ադրբեջանը կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում։ Այս ուղղությամբ մեր երկրների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունն, անշուշտ, վճռորոշ նշանակություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Ամեն տարի մենք ավելացնում ենք Եվրոպա բնական գազի մատակարարման ծավալները։ Այս տարի Ադրբեջանը որոշել է միջազգային շուկաներ մատակարարել 24,5 մլրդ տոննա։ Այս ցուցանիշն աճում է, և համաձայն մեր փոխըմբռնման հուշագրի, որը մենք ստորագրել ենք Եվրամիության հետ անցյալ տարի, մինչև 2027 թվականը մենք Եվրոպա կմատակարարենք ավելի քան 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Դա մեր նպատակն է, ուղենիշը, եւ ես հույս ունեմ, որ մենք դրան կհասնենք", - հայտարարել է Իլհամ Ալիեւը։