Արմինֆո.Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև:
Ինչպես հաղորդում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ «Ներկայացված բանաձևը ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։ Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները», - ասվում է հաղորդագրությունում։