Արմինֆո. Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը բողոք է հայտնել Հայֆայում Հայոց ցեղասպանության զոհերի պատվին հրապարակ վերանվանելու դեմ: Հայֆան անցյալ ամիս դարձավ Իսրայելի առաջին քաղաքը, որն այդպիսով ճանաչեց այն տարիների ողբերգությունը։
"Նախաձեռնությունն իր մեջ պարունակում է կապերի վատթարացման ներուժ, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել",- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոտեմին հղված նամակում, գրում է The Times of Israel-ը:
Նշվում է նաև, որ ապրիլի 24-ին նշվող ցեղասպանության տարելիցի մոտենալուն զուգընթաց Թորունլարի բողոքը հիշեցնում է այդ հարցի նրբանկատության մասին Թուրքիայի՝ մահմեդական մեծամասնություն ունեցող հզոր երկրի և Իսրայելի առանց այն էլ բարդ հարաբերություններում, որտեղ շատերը հարազատություն են զգում հայկական փորձի հետ Հոլոքոստի պատճառով:
Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառումներ անցկացնելու որոշումը եւ կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, հայտարարելով, թե "նման ցեղասպանության ակտ երբեք չի իրականացվել թուրք ժողովրդի պատմության մեջ":
Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հայֆայում, որտեղ բնակվում է երկրի 15 հազարից ավելի էթնիկ հայերի մոտ կեսը, նշանավորում է երկրորդ դեպքը, երբ Իսրայելի տեղական կառավարությունը ճանաչել է վայրագությունները:
Պարբերականը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը բացվել է 2020 թվականին Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Պետախ Տիկվայում, իսկ վերջերս այդ վայրը ստացել է "Շառլ Ազնավուրի այգի" անվանումը ՝ ի հիշատակ ֆրանսահայ լուսահոգի երգչի:
Ընդ որում, աղբյուրը գրում է, որ Հայֆայի ղեկավարի այդ քայլը ցույց տվեց անդունդը հայերի հիշատակի գործի հանդեպ Իսրայելում լայնորեն տարածված համակրանքի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերի կողմից հարյուր հազարավոր հայ խաղաղ բնակիչների սպանությունը պաշտոնապես ճանաչելու՝ իրար հաջորդող իսրայելական կառավարությունների դժկամության միջև, որոնք ձգտում են լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Հայֆայի քաղաքապետարանի բարձրաստիճան ներկայացուցիչ Էլիրան Թալը անվանակոչումը համարել է օրինակ կառավարության համար: "Այժմ մենք կարող ենք միայն հուսալ, որ Իսրայել Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց", - հայտարարել է Թալը: Նա հավելել է, որ թուրք դիվանագետները "ջանասիրաբար աշխատել են, որպեսզի ստիպեն քաղաքին հրաժարվել այդ քայլից":