Արմինֆո. Ադրբեջանն ու Իրանը բողոքի նոտաներ են փոխանակել։
Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ Բաքվում Իրանի դեսպանությունը շաբաթ օրը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը՝ Իրանի դեմ ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ:
Ինչպես ասված է ԻՌՆԱ գործակալության հաղորդագրության մեջ, դեսպանությունը վճռական բողոք է հայտնել նման հրապարակումների դեմ և կոչ արել անհապաղ վերջ դնել դրանց: "Իրանական դիվանագիտական ներկայացուցչությւոնը նաև նախազգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման անհարգալից գործողությունների վնասակար ազդեցությունից", - ասվում է հաղորդագրությունում:
Իսկ այսօր, ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հաղորդել է, որ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նոտան՝ ուղղված Արտաքին գործերի նախարարությանը, ստացվել է ապրիլի 3-ին: Հաջիզադեն հաղորդել է, որ նշված հարցի կապակցությամբ նույն օրն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, և դեսպանին տեղեկացվել է, որ "ադրբեջանական լրատվամիջոցների հետ կապված իրանական կողմի պնդումները չեն արտացոլում իրականությունը, իրանական կողմին ներկայացվել է պատասխան նոտա, ինչպես նաև իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ տարածվող մի շարք հոդվածների ցանկ":
Ադրբեջանում Իրանի դեսպանին տեղեկացվել է, որ Ադրբեջանի Հանրապետության, Ադրբեջանի պետության և կառավարության պաշտոնատար անձանց մասին իրանական ԶԼՄ-ներում պարբերաբար տարածվող վիրավորական, կեղծ, զրպարտչական և կանխակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հասարակական-քաղաքական ականավոր գործիչների իրականությանը չհամապատասխանող հայտարարություններն ու ելույթները վնասում են երկու երկրների հարաբերություններին և խորացնում թյուրըմբռնումը: "Հանդիպման ընթացքում ընդգծվել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը ՝ իրանական ԶԼՄ - ներում Ադրբեջանի դեմ կեղծ և կողմնակալ տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով", - նշել է նա: