Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի վիճակում է: Այդ մասին մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա ասելով, 44-օրյա պատերազմից և խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններից հետո բոլորը ականատեսն են Բաքվի կողմից անընդհատ սադրանքների և հարձակողական գործողությունների: "Ադրբեջանը հետեւողականորեն սեղմում է օղակը Հայաստանի եւ Արցախի շուրջ՝ իր առջեւ դնելով երկու նպատակ. ստանալ, այսպես կոչված, "միջանցքը", որը նրանք նախատեսում են գործարկել Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար, եւ ամայացնել Արցախը", - ասել է պաշտպանության նախկին նախարարը:
Օհանյանը, հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների, իբր, Արցախի հայ բնակչությանն իրավունքներ և ազատություններ տրամադրելու մասին հայտարարությունները, նշել է, որ, իրականում, այդ մասին խոսվել է և խորհրդային տարիներին, և Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, և այժմ կրկին օրակարգ է բերվում:
Նախկին նախարարը կարևորել է գրավված տարածքների յուրաքանչյուր սանտիմետրի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելը, որպեսզի կարողանանք կազմակերպել պետության սահմանների պաշտպանությունը, որտեղ կարևորագույն դեր պետք է հատկացվի բանակին: Սակայն երկրի իշխանությունները հայտարարել են զինվորականներին սահմանապահներով փոխարինելու մտադրության մասին։ «Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ միմյանց հետ պատերազմող պետությունները դարձել են հարևան և խաղաղ ապրում են միմյանց հետ: Մինչդեռ, Ադրբեջանի պահվածքը, ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները խոսում են այն մասին, որ երկու պետություններն էլ շարունակում են գտնվել պատերազմական վիճակում՝ չնայած խաղաղության դարաշրջան բացելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարություններին: Այս իրավիճակում սահմանապահ զորքերն իրենց հնարավորություններով չեն կարող ապահովել պետության սահմանների պատշաճ պաշտպանությունը", - ընդգծել է ընդդիմադիրը։ Օհանյանը հավելել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները իրականությունից կտրված են ապրում, կարծես, Հայաստանի և Արցախի հետ ոչինչ տեղի չի ունեցել: Նրանք կամ չեն ուզում, կամ չեն կարողանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, որպեսզի կողմնորոշվեն առաջնահերթությունների հարցում, որոնցից գլխավորը պետք է դառնա անվտանգության հարցը։ Օհանյանի համար անհասկանալի է, թե ինչպես ադրբեջանական զինված ուժերը, թիկունքում չունենալով բնակեցված տարածքներ, կարողանում են ամրապնդվել նոր բնագծերում, տվյալ դեպքում՝ Տեղ գյուղի մոտ, իսկ հայկական ուժերը, որոնց թիկունքում անհրաժեշտ ենթակառուցվածքներով բնակավայրերն են, չեն կարողանում ապահովել իրենց դիրքերի պատշաճ պաշտպանությունը։
Ավելին, նախկին նախարարը կարծում է, որ ռազմական ղեկավարությունը հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչներին մենակ է թողել ադրբեջանական ստորաբաժանումների հետ: "Մենք մեր գյուղացիներին թողել ենք բախտի քմահաճույքին՝ նրանց մենակ թողնելով ադրբեջանցիների հետ։ Մենք, առաջին հերթին, պետք է կազմակերպեինք մեր գյուղերի եւ նրանց բնակիչների պաշտպանությունը", - ընդգծել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական զինուժը առաջխաղացում է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ: