Արմինֆո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի և Հայաստանի շուրջ, նորմալ չէ, իսկ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում կատարվածին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ մարտի 31-ին Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը եւ ՀՀ տարածքների օկուպացմանը։
"Կցանկանայի մի հարց տալ։ Որոշվել է ռուսական գազ չգնել՝ Ուկրաինայի պատճառով։ Ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է: Ինչու՞ հետևություններ չարեցին։ Ինչու՞ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի նկատմամբ: Ես կիսում եմ այդ հարցերը, եւ դրանք ինձ վրդովեցնում են նույնքան, որքան եւ ձեզ", - նշել է Վոքիեն։
Ընդ որում, նա կարծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի հայտնի անհատները կանգնեն Արցախի կողքին և իրենց երկրների հասարակայնությանը բացատրեն, քանի որ շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում:
"Ձեր թշնամիների կողմից լուրջ քարոզչություն է ընթանում։ Ես եղել եմ տեղում։ Եւ մեր պատվիրակության 40 անդամները կարող են հաստատել։ Ես տեսա, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանական ուժերը զավթել են Հայաստանի տարածքը, այն վայրը, որտեղ մենք եղել ենք դրանից մեկ օր առաջ։ Կցանկանայի իմ հիացմունքն արտահայտել արցախցիների հանդեպ։ Ես չգիտեմ մոլորակի մեկ այլ անկյուն, որտեղ 120 հազար մարդ շրջափակման մեջ է։ Չեմ մտաբերում այլ վայր, որտեղ նման բարբարոսություն է տեղի ունենում", - նշել է Վոքիեն։
Միևնույն ժամանակ, ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկու երկրների միջև վեճ չէ, այլ ժողովրդին, քաղաքակրթությունը ոչնչացնելու նպատակասլաց ձգտում:
"Կրկնում եմ վճռականորեն, և կարևոր է, որ դա լսվեն Ֆրանսիայում և Եվրոպայում։ Սա մի վեճ չէ երկու երկրների միջեւ, որտեղ սահմաններն անորոշ են: Սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդու իրավունքների խախտում է, սա ժողովրդին, քաղաքակրթությունը ոչնչացնելու մտադրություն է։ Սա Հայաստանի, Արցախի և Սյունիքի պայքարն է, բայց այն ավելի մեծ է, սա պայքար է հանուն քաղաքակրթական արժեքների։ Պաշտպանել ձեզ՝ պաշտպանել այդ արժեքները", - նշել է Վոքիեն։