Արմինֆո. ՀԱՊԿ-ը մշտական պատրաստության մեջ է՝ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ ամփոփելով մարտի 31-ին Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարության եւ միացյալ շտաբի ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության արդյունքները։
"Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստության մեջ է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու համար' ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման և այլ օգնության միջոցներ ցուցաբերելու", - ասել է նա, հավելելով, որ օգնության միջոցներն արդեն ամրագրված են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում:
Հավելենք, որ դեպի Սյունիքի մարզի Տեղ գյուղ ադրբեջանական զորքերի առաջխաղացման առնչությամբ մարտի 30-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:
«1․Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2․2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
3․Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
4․Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
5․Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
6․Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
7․Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության», - ասվում է հաղորդագրությունում:
Մինչդեռ, տեղի բնակիչների հաղորդումների համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ-ն օկուպացրել են ՀՀ տարածքի ավելի քան 4 քառ.կմ։ Գյուղացիների հողերը զավթել են թշնամու ուժերը։ Իսկ Հայաստանի վարչապետը երեկ կառավարության նիստում հավաստիացնում էր, որ դիրքային փոփոխություններ չեն եղել։ Իսկ Ադրբեջանի ՊՆ-ում հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Բերձորի շրջանում Հայաստանի հետ սահմանին գտնվող բարձունքներ ու տարածքներ: