Արմինֆո. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Բերձորի միջանցքի սկզբնամաս և միջազգային հանրությանը կոչ արել աչք չփակել արցախցիների իրավունքների աղաղակող խախտումների վրա:
Այնտեղից նա ուղիղ եթեր է մտել և իր հետևորդներին ծանոթացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրական իրավիճակին։
"Արդեն ավելի քան 100 օր Ադրբեջանը աշխարհից կտրել է 150 000 արցախահայությանը։ Սա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների լիակատար խախտում է։ Եկեք աչք չփակենք Բերձորի միջանցքի այս հանցավոր շրջափակման վրա։ Եկեք թույլ չտանք, որ այս բնակչությունը լուռ մահանա", - նշել է նա, կոչ անելով տարածել այդ տեսանյութը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան այն իրական իրավիճակի մասին, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը։
Նշենք, որ Արցախը շրջափակման մեջ է արդեն 109 օր։ Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության անգործության ֆոնին, որը զոհաբերում է մարդու համընդհանուր իրավունքները ՝ ի շահ աշխարհաքաղաքական շահերի ։