Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը գիշերը մի քանի զինվորական «ուրալներով» փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Տեղ գյուղի մոտակայքում:
Ինչպես հաղորդել են մի շարք թելեգրամյան ալիքներ, Ադրբեջանի ԶՈՒ «ուրալների» թիվը 10-ից ավելի է, և Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է խրամատներ ու պատնեշներ պատրաստել Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին:
Առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը, նշելով, որ Բերձորի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի շահագործման հանձնելու առնչությամբ վերահսկողության տակ են վերցվել մի քանի ռազմավարական բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանամերձ ընդարձակ տարածք՝ Աղավնո և Սուս գյուղերի միջև:
Հայաստանի ՊՆ-ից այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։