Արմինֆո. Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և անվերապահորեն բացվի Գորիս-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը, վերադարձվեն հայ ռազմագերիները, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ՝ Ադրբեջանի օկուպացրած շրջաններ, եւ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին, որը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա (ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարրերի վրա): Այդ մասին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ արգենտինացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ՝ Արգենտինայում մարդու իրավունքների երկրորդ համաշխարհային համաժողովին մասնակցելու շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը, Խաչթարյանը համաժողովի շրջանակներում մասնակցել է նաև "խաղաղ գործընթացները Լատինական Ամերիկայում և աշխարհում" պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման և զարգացման պատմությունը, 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2021-22 թվականներին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայից հետո Արցախի Հանրապետությունում և Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և հակամարտության կարգավորման ուղիները: Նա պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին:
Ըստ աղբյուրի, Արթուր Խաչատրյանն այցելել է նաև Ուրուգվայ, որտեղ հանդիպել է Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարի և այլ պետական անձանց հետ: Հաղորդվում է, որ Խաչատրյանն Անդուխարին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կարևորելով Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը՝ նա նշել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է առանց հակամարտության արդարացի կարգավորման, որը նախատեսում է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը:
Նշենք, որ Արթուր Խաչատրյանը մարդու իրավունքների համաշխարհային համաժողովին մասնակցել է Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով: