Արմինֆո. Շատ հայեր ուրախ են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Անդրադառնալով ՀՀ տարածքում առաքելության գործառույթին՝ նա, մասնավորապես, ասել է."Մենք չենք կարող միջամտել, մեր տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ":
Նա նաև հիշեցրել է, որ եվրոպացի դիտորդներն Ադրբեջանի տարածք մուտք չունեն: Այդ պատճառով Ռիտերն ու նրա գործընկերները չեն կարողանում հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը՝ հերթական գրոհի նախապատրաստման ժամանակ։
"Շատ հայեր կարծում են, որ գարնանն Ադրբեջանը հարձակում կսկսի։ Եթե դա տեղի չունենա՝ մեր առաքելությունն արդեն հաջողվել է", - ասել է Ռիտերը Deutsche Welle-ի հարցազրույցում։
Ադրբեջանի ԱԳՆ-ում, ավանդույթի համաձայն, հիստերիա են բարձրացրել՝ կապված Ռիտերի այս հայտարարության հետ: "Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ գլխավոր խնդիրը ներկայացնել որպես Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի ՝ իբր Ադրբեջանի ինչ - որ հարձակման նախապատրաստելու մասին կարծիքների արտահայտումը ՝ հիմնված հայկական կողմի ստահոդ և զրպարտությամբ լի պնդումների վրա", - ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է ձևավորել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանում՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Ինչպես ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ - ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկված է մինչև 100 մասնագետ: Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո։ EUMA-ի նախնական մանդատը կգործի երկու տարի: Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դիտարկելու նպատակով փետրվարի 20-ին տեղակայված ԵՄ նոր քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից։ Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում: