Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը պատմել է, թե ինչի մասին են խոսել պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ճեպազրույցի ընթացքում Պատելը հաղորդել է, որ մարտի 27-ին Դոնֆրիդի և Բայրամովի միջև խոսակցություն է տեղի ունեցել։ "Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ինչպես բազմիցս ասել է պետքարտուղարը, ուղիղ երկխոսությունն այդ հարցի լուծման եւ տեւական խաղաղության հասնելու բանալին է: Այդ հակամարտության ռազմական լուծում չկա։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ հիմունքով, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում", - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ 2023թ.մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել 2054,0 նիշ (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) բարձունքն ու սկսել հենակետի ինժեներական կահավորում: Այսպիսով, ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցրել գրունտային ճանապարհը, որով ապահովվում էր սննդի մատակարարումը Շուշիի շրջանի մի շարք գյուղեր, որոնք արտաքին աշխարհից կտրված են՝ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման պատճառով ։