Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է գտնվում համապատասխան մարմինների հետ`կապված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի Ադրբեջանի տարածք անցնելու հետ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով, ԿԽՄԿ-ն կապի մեջ է գտնվում համապատասխան իրավասու մարմինների հետ, բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում տոներ են, և շատ կառույցներ չեն աշխատում:
ՙՄենք տեղեկացվել են տեղի ունեցածի մասին, և կապի մեջ ենք: Առայժմ բանակցությունների առաջին փուլում ենք գտնվում՚,- եզրափակել է Ամատունին:
Նշենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում է գտնվում ևս մեկ զինծառայող`Արսեն Բաղդասարյանը, ով հակառակորդի տարածքում էր հայտնվել անցած տարվա դեկտեմբերին: