


ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ՙՕսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին՚ հայտարարության նախագիծը:
Ներկայացնելով հայտարարության նախագիծը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ փաստաթուղթը մշակվել է 4 տարվա ընթացքում, մասնակցել են պատմաբաններ, թուրքագետներ: Շարմազանովն ընդգծել է հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի առանձնահատուկ դերը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ազգաբնակչության` հայերի, ասորիների, պոնտացի հույների կոտորածը որակել է որպես ցեղասպանություն: Բացի այդ, 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները:
ՙՕսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների կոտորածը նպատակաուղղված քաղաքականություն էր`ուղղված մահմեդական Փոքր Ասիայի ստեղծմանը: Այդ քաղաքականությունն սկսել են իրականացնել երիտթուրքերը 1909 թվականին`Ադանայում հայերի կոտորածով: Կոչ եմ անում Հայաստանի խորհրդարանին միանշանակ գնահատական տալ Օսմանյան Թուրքիայում կատարված հանցագործություններին և դատապարտել ասորիների ու պոնտացի հույների ցեղասպանությունը՚,- հայտարարել է Շարմազանովը:


