Արմինֆո.Մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելու համար անհրաժեշտ է միանալ Միջազգային քրեական դատարանին: Այդ մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա ասելով, երկրի իրավապահ մարմինները տարբեր դրվագներով հարուցել են քրեական գործեր, սակայն Հայաստանի տարածքում հանցագործություններ կատարելու համար Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է միանալ Միջազգային քրեական դատարանին:
Ներկայացուցիչն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներին։ Նրա խոսքով՝ դատարանը դեռևս չի գործարկել իր որոշումների կատարումը վերահսկելու մեխանիզմներ: "Եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում մենք դա դեռ չենք տեսնում", - հայտարարել է Կիրակոսյանը: Այդ հարցը, շարունակել է նա, քննարկվում է ԱԳՆ-ի հետ, որպեսզի խնդիրը բարձրացվի միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որն ունի միջազգային դատարանի որոշումները դիտարկելու հստակ մանդատ: