Արմինֆո. "Մենք խորապես մտահոգված ենք ականների և չպայթած զինամթերքի գործոնով, որոնք շարունակում են սպանել և խեղել քաղաքացիներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձին": Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում անվտանգության ապահովման հարցերին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին Turan-ի հարցին՝ նա վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացմանը: "Եվ մենք ընդունում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է": Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու բանալին է:
Խոսելով ռազմաքաղաքական հարցերի բյուրոյի ջանքերի մասին՝ Լյուիսը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների գոտում ականազերծման համար։ Նույն նպատակների համար 2021 թվականի նոյեմբերին հատկացվել էր ևս 500 հազար դոլար, հիշեցրել է նա։
"Աշխատանքը, որը մենք իրականացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ, կարևոր նշանակություն ունի, որպեսզի երկրները կարողանան վերականգնվել և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը", - հավելել է նա:
Պատասխանելով տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու Վաշինգտոնի շահագրգռվածության մասին հարցին՝ Լյուիսը հիշեցրել է, որ իր բյուրոն զբաղվում է նման առաքելություններ իրականացնելու համար խաղաղապահների պատրաստմամբ: "Կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք դրա հնարավորությունը։ Ակնհայտ է, որ այդ գործընթացն անցնում է ՄԱԿ-ով, և ես զերծ կմնամ մեկնաբանություններից՝ այն մասին, թե ապագայում ՄԱԿ-ն ինչպես կկառավարի այդ գործընթացները: Բայց ես, իրոք, կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այս գործընթացին աջակցելու հարցերը՝ ոչ միայն Ռուսաստանի կողմից։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ է կրում, օրինակ, պահեստամասերի ձեռքբերման առնչությամբ, եւ դա կարող է ազդել իրենց խաղաղապահ աշխատանքը կատարելու խաղաղապահների ունակության վրա", - ընդգծել է նա։