


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ապրիլի
24-ին ժամանել Երևան, այցելել Ծիծեռնակաբերդ և ծանոթանալ Օսմանյան կայսրությունում
իրագործված Հայոց ցեղասպանության բազմաթիվ ապացույցներին: Այդ մասին հայտարարել է
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱրմԻնֆո-ի խնդրանքով մեկնաբանելով վերջերս
հայկական սփյուռքին հղված Էրդողանի կոչը:
Օսմանյան արխիվ այցի
ժամանակ Էրդողանը Սփյուռքին կոչ էր արել Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստեր
ներկայացնել: Թուրքիայի նախագահը նաև նշել էր, թե թուրքական արխիվները բաց են
ուսումնասիրությունների համար:
Հայաստանի
խորհրդարանի փոխխոսնակն, իր հերթին, Էրդողանին հիշեցնում է, որ Օսմանյան
կայսրությունում Հայոց ցեղասպանության լավագույն ապացույցը թուրքերի կողմից սրբապղծված հազարավոր հայկական
եկեղեցիներն են, Արևմտյան Հայաստանի տարածքում ավիրված հազարավոր բնակավայրերը,
իրենց պատմական հայրենիքից զրկված միլիոնավոր հայերը, աշխարհով մեկ ցրված
բազմամիլիոն հայկական Սփյուռքը: «Լավագույն ապացույցը Դեր Զոր անապատն է, որտեղ
զոհվել են հարյուր հազարավոր հայ ծերեր, կանայք ու երեխաներ: Դա երիտթուրքական
կառավարության գաղտնի որոշումն է, դա նաև Անտանտի երկրների 1915 թվականի մայիսի
24-ի հայտարարությունն է, որում նրանք դատապարտում են Թուրքիայի
ոճրագործություններն ընդդեմ հայերի և ողջ մարդկության», - հյատարարել է
Շարմազանովը:


