Արմինֆո.Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ Տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա ասելով, Մեջլումյանն ու Դալլաքյանը ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Օհանջանյանը չի պարզաբանել, թե ինչ վարույթի մասին է խոսքը, հայտարարելով, որ ավելի ուշ կոմիտեն հանդես կգա մանրամասն տեղեկատվությամբ: Ընդ որում, կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ նրանց ձերբակալումը կապված չէ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործի հետ, որի շրջանակում օրերս ձերբակալվել էր փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նույն օրն աշխատանքից ազատման դիմում էր գրել նաեւ Սեյրան Մեջլումյանը (նշանակվել էր 2022թ. հունիսի 19-ին)։