Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն, Հայաստանից 309 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած 2020-2021 թվականների հակամարտության և 2022 թվականի սեպտեմբերյան սրացման արդյունքում։
Հաղորդագրության համաձայն, ԿԽՄԿ երևանյան գրասենյակն ավելի քան 6000 զանգ և այց է ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից:
«62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը», - հավելել են ԿԽՄԿ-ում։
«Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ. հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է», - ամփոփել են ԿԽՄԿ-ում: