Արմինֆո.Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ կառուցողական են զարգանում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մարտի 20-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանը չի վախենում Արեւմուտքի միջամտությունից իր ներքին գործերին։
Նրա խոսքով, Հայաստանը շահագրգռված է դրանում, այդ թվում՝ նաեւ իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտում առկա դրական դինամիկայի պահպանման համատեքստում: "Ինչ վերաբերում է Եվրամիության դիտորդական առաքելությանը, ապա նրա մանդատը շատ հստակ նշված է։ Տեղեկատվությունը հրապարակային է. դա քաղաքացիական դիտարկման առաքելություն է: Այն կրում է բացառապես քաղաքացիական բնույթ", - ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը հրաժարվեց ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, Միրզոյանը կոռեկտ չի համարել նման հարցադրումը, քանի որ Երևանը երբեք չի հրաժարվել ընդունել այդ առաքելությունը: "Ավելին, այդ հարցով որոշման նախագիծը սեղանին է։ Այդ նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այստեղ մեզ համար առանցքայինն այն էր, որ մեր զգացողությամբ և համոզմմամբ, ՀԱՊԿ գործընկերներն անուղղակիորեն, հստակ չէին ճանաչում կազմակերպության պատասխանատվության գոտին։ Մեր տեսանկյունից դա մի փոքր խնդրահարույց էր", - ասել է նա։
Լավրովն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Միրզոյանի ասածներից, մասնավորապես, որ Հայաստանը չի հրաժարվել ՀՀ տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշման ստորագրումից։ Այդ առումով նա նշել է, որ որոշումը բազմաժամյա բանակցությունների առարկա էր նախորդ տարվա աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին։ "Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն, հիմա քիչ բան է մնում՝ որպեսզի պետությունների եւ կառավարությունների բոլոր ղեկավարները նույնպես իրենց ստորագրությունները դնեն։ Նման հնարավորությունը, իհարկե, պահպանվում է։ ՀԱՊԿ-ը պատրաստ է, և մենք գիտենք նման պատրաստակամության մասին։ Ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվել այդ հնարավորությունից, որն, իհարկե, բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից", - ասել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աստանայում Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ։
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է որոշում կայացվեր Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ։ Սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվել է ստորագրել "ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնության ցուցաբերման համատեղ միջոցառումների մասին" նախագիծը։
"ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերոհիշյալ որոշման չընդունումը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի հրաժարումը դաշնակցային պարտավորություններից, այլև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ի կողմից ՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար ։ Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին", - Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հավելելով, որ պատրաստ չէ փաստաթուղթն այդ տեսքով ստորագրել ։