Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ ազգային տոնի առթիվ: Կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, և ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս ապահովելու նշյալ ներուժի իրացումը։ Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու հայ-իռլանդական երկկողմ օրակարգը՝ այն հարստացնելով հեռանկարային ծրագրերով՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և բարեկեցություն»: