Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քայլերը, որոնց մասին է վկայում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը։ Նա նաև արձանագրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը․ եթե 2021 թվականին այն կազմել է 19 մլն դոլար, ապա արդեն 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 41․6 մլն դոլարի։
Վահան Քերոբյանը նույնպես կարևորել է այս արդյունքը և ընթացիկ տարվա համար սահմանել առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող աջակցման գործիքները։
Անդրադարձ է կատարվել նաև Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2022 թվականին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ ՝ մինչև 41.9 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը գրանցել է 67.4% աճ՝ կազմելով 18.4 մլն դոլար, ներմուծումը՝ 3 անգամ՝ մինչև 23.5 մլն դոլար: