Արմինֆո. Ամռան կեսին հայ-թուրքական սահմանը կսկսի ընդունել երրորդ երկրների քաղաքացիներին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրները։
"Հավանաբար, այս տարվա հուլիսի 1-ից, եթե ոչինչ չխանգարի, կգործարկվի հայ-թուրքական սահմանի հսկիչ-անցագրային կետը", - ասել է դիվանագիտական աղբյուրը, հավելելով, որ դրան կհետեւեն հայ-թուրքական կարգավորման շրջանակներում մեկնարկած մյուս գործընթացները։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այս տարվա հունվարին հաղորդել էր, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման աշխատանքներին: "Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ մեր նախարարն իր ելույթում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր թափ հաղորդել այդ հարցի շուրջ աշխատանքին։ Երկու նախարարները հանգել են այդ համաձայնությանը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սեղմ ժամկետներում սկսենք Մարգարայի կամրջի շահագործումը", - ասել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ Ադրբեջանի հետ համակագմամբ: Դրանից հետո Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ։