Արմինֆո.Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ-ը:
«Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում: