Արմինֆո.Բարեփոխումների ծրագրի շրջանակում ՀՀ ոստիկանության գործունեությունը կենտրոնանալու է չորս հիմնական ուղղությունների վրա. Պարեկային ծառայություն, Քրեական ոստիկանություն, Ոստիկանական գվարդիա և Ունիվերսալ ոստիկանություն: Այդ մասին մարտի 15-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Այդ համատեքստում, շարունակել է նախարարը, կվերացվեն ոստիկանության մարզային վարչությունները ։ Բոլոր չորս կառույցներն ունենալու են տարածքային ստորաբաժանումներ՝ բացառելով կրկնվող գործառույթները։ Որպես լավագույն մոդել՝ նախարարը մատնանշել է Պարեկային ծառայության գործունեությունը, որը կներդրվի ողջ հանրապետությունում։ Ներկայումս նման ծառայություններ գործում են Երևանում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում, որոնց համար ձեռք է բերվել գործարանային վիճակում գտնվող 315 ավտոմեքենա։ Ծառայությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Աշխատանքներ են տարվում Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ։ Պարեկների աշխատանքի արդյունքում անցած տարի 2021 թվականի համեմատ 92 դեպքով կրճատվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, վիրավորների թիվը նվազել է 520-ով, իսկ մահացածների թիվը՝ 47 - ով։ Նախարարը տեղեկացրել է նաև պարեկների գնահատման չափանիշների վերանայման մասին, որոնք պետք է համալրեն նրանց շարքերը։ Խնդիր է դրված մինչև 2026 թվականը կին պարեկների թիվը ներկայիս 4%-ից հասցնել 30%-ի։