Արմինֆո.Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ նույնը կանի Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա ասելով՝ Պրահայում կայացած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են իրենց պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին: "Այլ հարց է, որ Բաքուն փորձում է այլ դռնով կամ այլ խողովակներով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ իրականացնել ", - նկատել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, ինչպես նշել է վարչապետը, այդ խնդրի լուծման վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ։ "Այդ հարցի լուծման առաջնային շահառուն պետք է մնա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Նա պետք է դիտարկվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղղակի շփումների համատեքստում՝ միջազգային երաշխիքներով։ Այս ձեւակերպումները բոլոր հնարավորություններն ընձեռում են ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար", - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: