Արմինֆո. Ստեփանակերտում արձագանքել են Բաքվում հանդիպում անցկացնելու ադրբեջանական կողմի առաջարկին: Այդ առնչությամբ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանական Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:
Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար:
Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմն Արցախին առաջարկել էր "վերաինտեգրման հաջորդ հանդիպումը անցկացնել Բաքվում"։ Ադրբեջանում շարունակում են պատրանք ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող հարցը Ադրբեջանի ներքին գործն է, և՝ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։