Արմինֆո. "Իրանն արդեն վաղուց չարամիտ խաղացող է տարածաշրջանում։ Նա զբաղվում է չարամիտ գործունեությամբ, որն սպառնում է իր հարևաններին՝ ինչպես մերձավոր, այնպես էլ հեռավոր": ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն այդպես է մեկնաբանել ադրբեջանաիրանական սահմանի երկայնքով իրանական կործանիչների թռիչքները։
"Ուստի մենք անհանգստությամբ ենք հետևում լարվածության այս տեսակներին։ Մեր մոտեցումն այն էր, որ ներդրումներ կատարենք Ադրբեջանի, Հայաստանի հետ Հարավային Կովկասում մեր փոխգործակցության մեջ, որպեսզի ստեղծենք Հարավային Կովկասի տարածաշրջան, որը լինի ավելի կայուն, ավելի քիչ հակված լինի հակամարտությունների եւ լարվածության", - նշել է նա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով իրանական սահմանի երկայնքով՝ 2020 թվականի աշնանային ագրեսիայից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքի մոտ իրանական կործանիչի թռիչքներից հետո Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածության աճին:
Փրայսը նաեւ մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իրան։ Նրա խոսքով ՝ Վաշինգտոնում Լուկաշենկոյի այցն Իրան ինչ-որ առումով դիտարկում են որպես Իրանի եւ Ռուսաստանի միջեւ խորացող հարաբերությունների շարունակություն։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ-ը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իրանի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերությունների առնչությամբ։
"Մենք այդ մասին խոսել ենք անվտանգության բնագավառում օգնության տեսանկյունից, որն Իրանը ցուցաբերում է Ռուսաստանին, եւ՝ հակառակը։ Եվ մենք նաև նշել ենք, որ այն, ինչ Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանին, նա, ըստ էության, իր ինքնիշխանությունը զիջել է Կրեմլին", - հավաստիացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Անդրադառնալով այն լուրերին, որ Ռուսաստանն Իրանին է փոխանցում ամերիկյան ռազմավարային սպառազինություն Ուկրաինայից, Փրայսը նշել է, որ տեսել է այդ հաղորդագրությունները։ "Ես ի վիճակի չեմ հաստատել այդ հաղորդագրությունները։ Ինչպես գիտեք, մենք ունենք դիտարկման հուսալի ծրագիր, որը դիտարկում է արտահոսքի ամեն մի հնարավոր դեպք: Մենք նախկինի պես այնտեղ ենք, որտեղ եղել ենք ՝ այս հակամարտության հենց սկզբից։ Մենք որևէ հավաստի նշան չենք տեսել առ այն, որ անվտանգության բնագավառի օգնությունը, որը մենք տրամադրել ենք մեր ուկրաինացի գործընկերներին, վերահասցեագրվել է որևէ այլ կողմի, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք դրան", - եզրափակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։