Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
"Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ - ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը", - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով, ռուս խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության պայմաններում լուծելու անհրաժեշտությունը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: