


Չինաստանը Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել HQ-9 հեռահար զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ, գրում է China
Daily-ն՝ վկայակոչելով China National Precision Machinery Import & Export
Corporation ընկերության ներկայացուցչին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել` համագործակցելով Չինաստանի հետ: Նա հավելել էր, որ իր երկրում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի համակարգին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ մշակվող հակահրթիռային պաշտպանության համակարգը կլինի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ համատեղելի։
«China National
Precision Machinery Import & Export Corporation ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ FD-2000 չինական համակարգը, արտահանման համար HQ-9 մոդելը ընտրվել էր Թուրքիայի հետ պայմանագրի համար` 2013
թվականին»,- գրում է թերթը`
վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
4 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգի հեռահար զենիթահրթիռային համալիրի գնման մրցույթի մասին Թուրքիան հայտարարել էր 2009 թվականին։ 2013 թվականի սեպտեմբերին հաղթող էր ճանաչվել չինական CPMIEC ընկերությունը, որն առաջ էր անցել ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրողներից։ Չինաստանի հաղթանակի մասին հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ ճնշում էր հարուցել ՆԱՏՕ-ում նրա գործընկերների կողմից, ինչի արդյունքում մրցույթի արդյունքները չեղարկվել էին։
Նոր հայտամրցույթում, ի թիվս այլոց, հաղթանակի էին հավակնում ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam կոնցեռնը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իսմեթ Յըլմազը,
մրցույթի լավագույն հայտը ներկայացվել էր ՉԺՀ-ից: Նոր այլ հայտեր չէին եղել: Ավելի
վաղ ՉԺՀ ԱԳՆ, մեկնաբանելով պայմանագիրը, հայտարարել էր, թե Չինաստանը հույս ունի, որ Թուրքիան
իր ընտրությունը կկատարի` «ելնելով սեփական շահերից», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։


