
Մինչև մայիսի 5-ը Հայաստանի քաղաքական ուժերը պետք է
սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն
փորձագիտական հանձնաժողովին: Մարտի 19-ին մամուլի ասուլիսւոմ այդ մասին հայտարարել
է կառավարող կուսակցության խմբակցկության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա ասելով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
կուսակցությունների հետ սահմանադրական բարեփոխումների քննարկում է նախաձեռնել,
քանզի լավ գիտակցում է, որ ճիշտ չէ երկրի հիմնական օրենքում փոփոխություն կատարել`
առանց քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մասնակցության: Նրա ասելով,
սահմանադրական բարեփոխումների փաթեթում, անպայման, հաշվի կառնվեն բոլոր քաղաքական
ուժերի առաջարկություններն ու քննադատությունը, որոնք պետք է ներկայացվեն մինչև
մայիսի 5-ը: Այդ համատեքստում Մելիքյանը չի բացառել անցումը կառավարման
խորհրդարանական համակարգի և պատգամավորների թվի կրճատումը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշել է, թե, չնայած այն
հանգամանքին, որ ՀԱԿ-ը չի ցանկանում մասնակցել բարեփոխումների շուրջ
խորհրդատվություններին, նա ակամայից արդեն դարձել է քննարկունմների մասնակից, քանի
որ պարբերաբար քննադատության է ենթարկում բարեփոխումների նախագծի հայեցակարգը:
«Իրեն հարգող ցանկացած ուժ պետք է դառնա բարեփոխումների մաս, քանի որ նրանցից է
կախված երկրի ապագան», - նշել է Մելիքյանը: Ընդ որում նա ընդգծել է, որ
սահմանադրական բարեփոխումները նախատեսում են մի շարք փոփոխություններ դատաիրավական
համակարգում, ընդդիմության և իշխանության հարաբերություններում, քաղաքացիական
հասարակության ձևավորման հարցերում, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում և այլն:
Մելիքյանը նաև չի բացառել սահմանադրական բարեփոխումներից
հետո ՀՅԴ հետ կոալիցիա ձևավորելու հնարավորությունը, սակայն նշել է, որ այդ հարցի
շուրջ առայժմ քննարկում չի եղել:
Մարտի
13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր սահմանադրական բարեփոխումների
հարցերով զբաղվող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Սարգսյանը
հանձնաժողովին տեղեկացրել էր երկրի քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքների
մասին: Նրա կարծիքով, քաղաքական ուժերի հետ անցկացված խորհրադտությունները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ: «Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում», -
նշել էր նա: