Արմինֆո.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել․ արդյունքում՝ Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կազմակերպության գլխավոր հովանավորն է։
Կարևորելով համագործակցությունը` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ այսպիսի գործընկերների աջակցությամբ է զարգանալու հայկական ֆուտբոլը․ «Մենք կարևորում ենք Հայաստանի առաջատար թվային բանկի աջակցությունը հայկական ֆուտբոլի համար կարևորագույն այս շրջանում։ Համոզված եմ՝ համագործակցությունը շարունակական և փոխշահավետ կլինի կողմերի համար»։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր հերթին ընդգծեց․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում մեծածավալ գործունեություն է իրականացնում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։ Այստեղ մեր տեսլականները համընկնում են․ IDBank-ը կարևորում է առողջ ապրելակերպը, Հայաստանում սպորտի զարգացումն ու երեխաների շրջանում սպորտաձևի մասսայականացումը։ Վստահ եմ՝ մեր համագործակցությամբ էլ ավելի ենք նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, իսկ մեր ազգային հավաքականին մաղթում եմ միայն հաղթանակներ»։