Արմինֆո. Միացյալ Նահանգները ցանկանում է անել հնարավորինը, որպեսզի աջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին մարտի 10-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ ի պատասխան ԱՄՆ հետախուզության զեկույցը մեկնաբանելու խնդրանքին, որում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում, եւ պատմել, թե արդյոք դա մեծացնում է հրատապությունը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի տեսանկյունից:
"Այդ առնչությամբ միշտ հրատապություն եղել է, քանի որ դա նուրբ իրավիճակ է։ Դա մի իրավիճակ է, որը չափազանց հակված է բռնության, ինչպես վերջին օրերին տեսանք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Եվ դա վաղեմի հակամարտություն է, եւ Միացյալ Նահանգները ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի աջակցի դրա լուծմանը", - նշել է Փրայսը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է այսուհետեւ էլ շարժվել այդ ուղղությամբ ՝ աշխատելով այդ երկրների հետ երկկողմ հիմունքով, եռակողմ հիմքի վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության մեջ նրանց սեփական ջանքերին։ "Ինչպես նաեւ բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով, որպեսզի օգնենք այդ երկրներին ինքնուրույն վարել դիվանագիտություն եւ հասնել պայմանավորվածությունների, որոնք, հուսով ենք, նրանք կկարողանան կնքել", - ամփոփել է Փրայսը:
Ավելի վաղ ԱՄՆ հետախուզական կառույցներն իրենց կանխատեսումներում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, "հավանաբար, կմնան լարված և անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում": Զեկույցի հեղինակները նշում են միջպետական սահմանին զինվորականների դիմակայությունը, հրադադարի մեխանիզմի բացակայությունը եւ "Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար ռազմական ճնշումն օգտագործելու Ադրբեջանի պատրաստակամությունը":