Արմինֆո.ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը
խորհրդարանում հյուրընկալել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Թագուհի Թովմասյանը:
«Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ընդգծել ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար։
Ի հավելումն՝ շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։
Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը և ընդգծել Հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը», - գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով որոշել էր, որ Ադրբեջանը պարտավոր է իրենից կախված միջոցներ ձեռնարկել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար: "Ինչ վերաբերում է գազամատակարարման խափանումներին, ապա Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կապված, որ խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանը", - նշվում է որոշման մեջ։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Միջազգային դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացված ժամանակավոր միջոցների վերաբերյալ պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը ։ Որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը դատարանին ապացույցներ չի ներկայացրել, որոնք ցույց կտան, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ պահվածքն ուղղված է ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքների խախտմանը: