Արմինֆո.Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։
Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - գրել է Աբրահամյանը։
Ավելի վաղ shamshyan.com կայքը հաղորդել էր, որ մարտի 7-ին, ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան պողոտայում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։