Արմինֆո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
"Խիստ մտահոգված եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած մահացու միջադեպի մասին հաղորդագրությունների առնչությամբ։ Այդ միջադեպը ցույց է տալիս չլուծված հարցերի լուծումները բանակցությունների սեղանի շուրջ որոնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը", - գրել է Կոլոմինան Twitter-ում ։
Նշենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է ԼՂՀ ՆԳՆ ոստիկանության երեք աշխատակից, եւս մեկ ոստիկան ծանր վիրավորում է ստացել: Հարձակումից հետո Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանցի դիվերսանտների ուղղությամբ ։ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական վարկածի համաձայն, զոհվել է երկու ադրբեջանցի զինվորական։ Ադրբեջանական սոցցանցերում հաղորդում են, որ թշնամական կողմը կենդանի ուժի մինչև 8 կորուստ ունի։ Հավելենք նաև, որ այս դիվերսիային նախորդել են ԱՀ ԶՈՒ հարձակումները դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների վրա։ Հավելենք նաև, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե զորքերի շփման գծում, այլ Արցախի տարածքում՝ Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող ճանապարհին։