Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում հաղորդել են, որ հետեւում են մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած փոխհրաձգության մասին հաղորդագրություններին, ինչի հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին: Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները», - նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Այս առումով նա հիշեցրել է, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն գտնվում է տարածաշրջանում՝ ընդգծելու համար, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսության եւ դիվանագիտության միջոցով է: «Եվ, ինչպես ընդգծել Է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին", - հավելել է Փրայսը:
Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է շարունակել կողմերի միջև ուղիղ երկխոսությունն ու քննարկումները։ "Մենք գործընկերոջ դեր ենք խաղացել երկու երկրների համար՝ նպաստելով արտգործնախարարների, ինչպես նաև ղեկավարության մակարդակով եռակողմ փոխգործակցությանը։ Մենք պատրաստ ենք, լինի դա երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ հիմունքներով, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերում", - ասել է Փրայսը:
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե ինչու է Արևմտյան միջնորդությունը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, ավելի լավ, քան ռուսականը, դիվանագետը նշել է, որ դա հարց է կողմերին: «Մենք չենք պատրաստվում մեզ հակադրել միջնորդության որևէ այլ առաջարկի, և, ըստ էության, մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Ես կարծում եմ, որ մենք թե խոսքով, թե գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին մերձեցնելու մեր կարողությունը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լրացուցիչ առաջընթացին նպաստելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը։ Մենք դա չենք անում Մոսկվայի հետ մրցակցելու համար։ Մենք դա անում ենք, որպեսզի հասնենք այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանը և լուծմանը, և ցավոք՝ այն վեճի, որն անընդհատ կյանքեր էր խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին։ Այստեղ մեզ հետաքրքրում է խաղաղությունն ու անվտանգությունը։ Դա նաև բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից», - ամփոփել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։