Արմինֆո.Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող է զոհվել, և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թվմասյանը:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը
զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:
Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը:
Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:
Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը», - ասվում է Թովմասյանի հայտարարությունում:
Հավելենք, որ մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եւս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են թշնամական կողմի մինչև 8 կորուստի մասին։