Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը խոստանում է անել հնարավորինը՝ հայ - ադրբեջանական հակամարտության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հրապարակած տեսանյութում դեսպանը, մասնավորապես, նշել է, որ մեծացել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որտեղ իրեն վիճակվել է ունենալ հայ ուսուցիչներ և ընկերներ, և հնարավորություն է ունեցել առնչվել "հայկական նրբաճաշակ մշակույթին և գունագեղ խոհանոցին":
«Դեռ մանուկ հասակում իմացա հայ ժողովրդի պատմության տխուր էջերի, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին, և Երևան ժամանելուց անմիջապես հետո այցելեցի Ծիծեռնակաբերդ ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Ես ծանոթ եմ Հայաստանի բազմադարյա հարուստ պատմությանը և մշակութային ժառանգությանը և հիանում հայ ժողովրդի անհավանական տոկունությամբ։ Ցանկանում եմ օր առաջ ամբողջությամբ բացահայտել այս երկիրը և ծանոթանալ հայ ժողովրդի հետ։
Գիտեմ, որ վերջին տարիները լի էին մարտահրավերներով։ Ես արդեն հնարավորություն եմ ունեցել անձամբ Հայաստանում տեղահանվածներից լսել նրանց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության երկարաժամկետ լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Հայաստանն արժանի է ապրելու խաղաղության և անվտանգության պայմաններում և հետևելու ընտրված քաղաքական և տնտեսական ուղուն։ Հայ-ամերիկյան հարաբերությունները հզոր են և ամուր, և ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի ամրապնդեմ մեր կապերը և օգնեմ Հայաստանին կառուցել պայծառ ու բարեկեցիկ ապագա", - ասել է դեսպանը ՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։
Քրիստինա Քվինը ծնվել է Կալիֆոռնիայում, ավարտել Է Կալիֆոռնիայի արևմտյան քոլեջը "Քաղաքագիտություն" մասնագիտությամբ, ինչպես նաև սովորել է ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում և Ստոկհոլմի համալսարանում: 57-ամյա Քվինը դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից ։ Աշխատել է Ֆրանսիայում, Ֆիլիպիններում։ Չորս տարի՝ 2001-2005 թվականներին, դիվանագետը Բրյուսելում Եվրամիությունում ներկայացրել է ԱՄՆ-ը։ Դրանից հետո Քվինին տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա երկու տարի աշխատել է ԱՄՆ դեսպանատանը։ 2019 թվականից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կիևում ԱՄՆ դեսպանատանը, իսկ 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի մայիսը եղել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, ղյնուհետև փոխդեսպան։ 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատեց Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: