Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը, նախ, հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։ Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել է կրթության իրավունքից։
2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։
Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատաչել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»։