
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հարցով ստատուս քվոն չի կարող շարունակվել։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ մարտի 2-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման շուրջ մտքերի ինտենսիվ փոխանակում: "Վարչապետ Փաշինյանը Հայաստանում սկսել է համալիր բարեփոխումների գործընթաց։ Գերմանիան ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում այսուհետ ևս աջակցել Հայաստանին այդ ճանապարհին", - ասել է նա, կարևորելով այն փաստը, որ անցյալ տարի Գերմանիան Հայաստանի հետ համագործակցություն է սկսել զարգացման ոլորտում։ Երկրների միջեւ համագործակցություն է ընթանում նաեւ Արեւելյան գործընկերության հարթակում, նշել է նա։
Հայաստանի վարչապետը և ԳԴՀ կանցլերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հակամարտությանը և դրա "էական ազդեցությանը հարավկովկասյան տարածաշրջանի վրա": Շոլցը, իր ասելով, գիտակցում է հակամարտության ազդեցությունը տարածաշրջանի, հատկապես, Հայաստանի վրա։ Այս առումով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան դեպի երկարաժամկետ լուծում, ընդգծել է նա։ "Հայաստանի վարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները։ Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող անկայուն իրավիճակով և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրմամբ։ Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում՝ ի շահ մարդկանց։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ լուծման ՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում, այդ բոլոր սկզբունքները հավասար են իրար", - ասել է կանցլերը։
Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան դա արել է՝ նաեւ գերմանական անձնակազմ ուղարկելով ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում: Ընդ որում, ինչպես նշել է կանցլերը, այդ առաքելությունը գլխավորում է Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա։
Շոլցը Պրահայում եւ Մյունխենում Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ կարծիքների փոխանակումը հուսադրող քայլ է համարել հակամարտության կարգավորման համար: Մեկնաբանելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման մասին Հաագայի դատարանի որոշումը կատարելու Ադրբեջանի դժկամությունը ՝ Շոլցը հաստատել է. "Մենք ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից ենք": Նա ընդգծել է տարածաշրջանում անվտանգության ուժեղացման կարևորությունը։
Փաշինյանը և Շոլցը քննարկել են նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը: Գերմանիան ԵՄ-ում Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերն է, նշել է կանցլերը: Այս առումով նա վարչապետ Փաշինյանին կոչ է արել շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ։
Շոլցը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Գերմանիա կատարած այցի համար։