Արմինֆո. "Նոր Զովք" սուպերմարկետներում իրավապահ մարմինների խուզարկություններն ուղղված են ոչ թե փաստաթղթերի կամ շրջանառության ստուգմանը, այլ ընկերության բնականոն աշխատանքի խաթարմանը և ընկերությանը մեծ վնաս պատճառելուն: Եվ առավել ևս կասկածելի է պետական ռեսուրսի օգտագործումը մասնավոր շահերը սպասարկելու համար։ Այդ մասին ասվում է "Նոր Զովք" - ի հայտարարության մեջ՝ ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության կապակցությամբ, որի համաձայն, ընկերության սուպերմարկետների սեփականատերը, տնօրենը և գլխավոր հաշվապահը ձերբակալվել են մոտ 10,3 մլն դոլարի հարկ չվճարելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 22 - ին "Նոր Զովք" սուպերմարկետների ցանցի խուզարկությունից անմիջապես հետո հարկային-մաքսային մարմինը հայտարարել էր, որ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը։ Մասնավորապես, տեղեկացվել էր, որ "Նոր Զովք" ՍՊԸ-ն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և հսկիչ-դրամարկղային մեքենաների ծրագրին միջամտելու միջոցով թաքցրել է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկել և բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր: Ի պատասխան ՝ ընկերությունում հայտարարել են, որ հարկային մարմինները խուզարկություն են կատարել Նոր Նորքում "Նոր Զովք" նոր սուպերմարկետի բացումից հետո։
"Չխախտելով նախաքննության գաղտնիության պայմանը՝ միայն նշենք, որ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ բերված են թվեր ու գումարներ, որոնք հաշվարկված են ենթադրությունների հիման վրա: Չեն կարող լինել նման խոշոր ու միտումնավոր անճշտություններ, իսկ եթե անգամ կան համակարգում տեխնիկական սխալներ, վստահ ենք, որ ցանկության դեպքում շատ արագ կարելի էր դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Սրա անհրաժեշտությունը վարույթ իրականացվող իրավապահ մարմինը չի տեսել, փոխարենը դիմել է նման ոչ իրավաչափ գործողությունների", - ասվում է "Նոր Զովք" ՍՊԸ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ "Նոր Զովք" սուպերմարկետների ցանցն իր գործունեությունն սկսել է 1999 թվականից, երբ մայրաքաղաքի Նալբանդյան 102 հասցեում բացվեց առաջին մթերային խանութը: Ներկայում այնտեղ գործում է 28 սուպերմարկետ։